Posts Tagged ‘Մոնե’

Կանոնների և մշակութային պատերազմների մասին

 Գրիզելդա Փոլլոք
«Կանոն» տերմինը սերում է հուներեն kanon բառից, որ նշանակում է «նորմա» կամ «ստանդարտ», ենթադրելով թե՛ սոցիալական կարգավորում և թե՛ ռազմական կազմակերպում: Սկզբնապես այն իր մեջ կրում էր հոգևոր իմաստային երանգներ, ներառելով պաշտոնապես ընդունված՝ «սուրբ գրերի» ցանկի մեջ մտնող, բոլոր գրությունները: Կանոնացման առաջին փորձերից էր մ.թ.ա. 7-րդ դարում կազմավորվող հոգևորական խավի եբրայական ձեռագրերի ընտրությունը, որն ըստ պատմաբան Էլլիս Ռիվկինի իրագործվել էր «գլխավորապես ոչ թե գրիչների, գրագետների կամ խմբագիրների կողմից, ովքեր փնտրում էին անապատային փորձառության [Եգիպտոսից ելքի] մասին արհամարհված ավանդույթներ, այլ իշխանության համար պայքարող խավի կողմից» (1): Ուստի կանոնները կարող են ընկալվել որպես մշակութային և քաղաքական ինքնությունը հետահայացորեն օրինականացնող հիմնակառույց, ծագման կարծրացած մի պատմություն, որ հեղինակություն է շնորհում այն տեքստերին, որոնք ընտրվել են այդ ֆունկցիան բնականացնելու (naturalise) համար: Կանոնականությունը վերաբերում է թե՛ ներառված տեքստի ընդունված որակին և թե՛ այն կարգավիճակին, որ տեքստը ձեռք է բերում պատկանելով հեղինակային հավաքածուին: Կրոնները սրբացնում են իրենց կանոնականացված տեքստերը, դրանց միշտ վերագրելով եթե ոչ աստվածային հեղինակություն ապա առնվազն աստվածային լիազորություն:Ակադեմիաների և համալսարանների աճի հետ մեկտեղ կանոնները ստացան աշխարհիկ կամ ապահոգևորական բնույթ` վերագրվելով գրականության հիմնակմախքին կամ արվեստի պանթեոնին (տես Յոհան Զոֆֆանիի «Ուֆֆիցիի ամբիոնը», 1772-7/8): Կանոնն իրենից ներկայացնում է գրականության, արվեստի պատմության կամ երաժշտության մեջ տեքստերի կամ գործերի այն համախմբությունը, որ ակադեմիական հաստատությունները հաստատել են որպես լավագույն, ամենից ներկայացուցչական ու կարևոր: Հանդես գալով որպես միջպատմական գեղագիտական արժեքների պահեստանոցներ, մշակութային տարբեր փորձառությունների կանոնները հիմնում են այն, ինչ անառարկելիորեն փառահեղ է, ինչպես նաև այն, ինչ սկսնակներն ու հետևորդները պետք է ուսումնասիրեն որպես մոդել: Կանոնը համապարփակ ձևով կազմում է հայրաժառանգություն նրանց համար, ովքեր ցանկանում են համարվել «կրթված»: Ինչպես նշում է Դոմինիկ ԼաԿապրան` կանոնը վերահաստատում է «սուրբ տեքստի տեղահանված կրոնական երանգը. տեքստը՝ որպես կրթված էլիտայի համար համայնական մշակույթի փարոս» (2):  (more…)